հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանգնած ենք միջազգային հանրության կողքին, բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցնել սահմանել չենք կարող. Ղարիբաշվիլի

Կանգնած ենք միջազգային հանրության կողքին, բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցնել սահմանել չենք կարող. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի կարողանա տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ազգային շահերի և անվտանգության մարտահրավերների պատճառով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կատարում տնտեսական ֆորումի շրջանակում։

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել ուկրաինական իրադարձությունների պատճառով։ Միաժամանակ Վրաստանը հետևում է միջազգային պատժամիջոցների կանոններին։

«Մենք հստակ ասել ենք, որ մենք՝ վրացիներս, շատ բնական պատճառով չենք կարողանա ազգային տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Որովհետև մենք ունենք մեր ազգային շահերը, ունենք մեր անվտանգության մարտահրավերները, տնտեսական մարտահրավերները։ Սա է մեր հիմնական շարժառիթը», - ասել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ, Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանը միակ երկիրը չէ, որը հրաժարվել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց։

«Ես՝ որպես պետության ղեկավար, պետք է մտածեմ ժողովրդի անվտանգության մասին: Իհարկե, քաղաքական առումով մենք կանգնած ենք միջազգային հանրության կողքին: Մենք լիովին համակարգված ենք մեր միջազգային գործընկերների՝ ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ: Ուստի սա մեր դիրքորոշումն է»,- ասել է վարչապետը։

Ռուսաստանը փետրվարի 24-ին զորքեր է ուղարկել Ուկրաինայի տարածք։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ սա «Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման գործողություն է», և ուկրաինական տարածքների գրավումը ներառված չէ Ռուսաստանի Դաշնության ծրագրերում։ Ի պատասխան՝ արևմտյան երկրները սկսել են խստացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։

  • Կիսվել: