ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ջեյն Գուդալին Լոնդոնում շնորհվել է Սթիվեն Հոքինգի մրցանակը` «Սթարմուսի» համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի կողմից

Ջեյն Գուդալին Լոնդոնում շնորհվել է Սթիվեն Հոքինգի մրցանակը` «Սթարմուսի» համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի կողմից

Դոկտոր Ջեյն Գուդալը 2022 սեպտեմբերին Հայաստանում անցկացված միջազգային «Սթարմուս VI» փառատոնի ընթացքում շնորհվող Սթիվեն Հոքինգի մրցանակին արժանացած չորս գիտնականներից էր։ «Սթարմուսի» հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընտրել էր նրան և հայտարարել մրցանակակրի մասին պաշտոնական արարողության ժամանակ։

Դոկտոր Գուդալը չէր կարողացել անձամբ ներկա լինել արարողությանը, և նոյեմբերի 29-ին Լոնդոնում «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն անձամբ է հանձնել նրան մրցանակը Թագավորական աշխարհագրական ընկերությունում։

«Էթնոլոգ պրոֆեսորներն ինձ ասում էին, որ ես չեմ կարող խոսել կենդանիների՝ որպես անհատականություն, մտածողություն և էմոցիաներ ունեցող էակների մասին։ Իհարկե ես չէի կարող դա ընդունել»,- ասում է դոկտոր Ջեյն Գուդալը։

Սեպտեմբերի 6-ին Starmus VI Armenia միջազգային գիտության վեցերորդ փառատոնի ընթացքում Ջեյն Գուդալին շնորհվել է Սթիվեն Հոքինգի մրցանակը, որ տրվում է գիտության կոմունիկացիայի, հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։ Նոմինացիան ներկայացվել էր Նոբելյան մրցանակակիր, գիտնական և «Սթարմուսի» հոգաբարձուների խորհրդի անդամ Էմանուել Շարպենտիեի կողմից։

Դոկտոր Գուդալի աշխատանքները ոգեշնչել են գիտնականների, նատուրալիստների, հետազոտողների և գիտության հաղորդակցությամբ զբաղվողների սերունդների, և նրա պատմությունը խթան է հանդիսացել բազմաթիվ երիտասարդ կին գիտնականների կայացման և գաղափարների իրականացման գործում։

Սթիվեն Հոքինգի մրցանակը հիմնադրվել է պրոֆեսոր Հոքինգի և «Սթարմուս» փառատոնի հոգաբարձուների խորհրդի կողմից 2016 թվականին՝ նպատակ ունենալով պարգևատրել գիտության հանրայնացման գործում կատարած լուրջ ներդրումների համար տարբեր ոլորտների գիտնականների։ Մրցանակակիրներն ընտրվել են պրոֆեսոր Հոքինգի և «Սթարմուսի» խորհրդի կողմից, և այն տրվել է համաշխարհային գիտական մտքի ամենափայլուն ներկայացուցիչներին միավորող փառատոնի՝ «Սթարմուսի» ընթացքում, որը հիմնադրել են դոկտոր Գարիկ Իսրայելյանն ու դոկտոր Բրայան Մեյը

  • Կիսվել: