երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իտալիայում  Ջորջիա Մելոնին կդառնա առաջին կին վարչապետը

Իտալիայում Ջորջիա Մելոնին կդառնա առաջին կին վարչապետը

Ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել էր ձայների ընդամենը 4%-ը: Նոր ընտրություններից առաջ այն 24%-ով առաջատարն է։ Իսկ նրա առաջնորդը կարող է դառնալ Իտալիայի առաջին կին վարչապետը։

Կիրակի՝ սեպտեմբերի 25-ին, Իտալիայում ավարտվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը փակվել են 23.00-ին։ Ընտրությունները տեղի են ունեցել պատգամավորների պալատում և Սենատում։

Նախնական տվյալների համաձայն, որը ներկայացնում է «Rai» պետական հեռուստաընկերությունը, աջ ուժերը հավաքել են ձայների 43,3%-ը: Իտալիայի ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ խառը ընտրությունների դեպքում դա թույլ է տալիս բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում: Քվեարկության առաջին տվյալները ցույց են տալիս, որ առաջատարը «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն է, որը հավաքել է 24,6%: Նրա առաջնորդը՝ 45-ամյա Ջորջիա Մելոնին, կարող է գլխավորել կոալիցիոն կառավարությունը։

Սպասվում է, որ դրանում կընդգրկվեն նաև Մատեո Սալվինիի գլխավորած «Լիգա» և նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունները, որոնք, նախնական տվյալներով, ստացել են համապատասխանաբար 8,5 և 8% ձայն: Rai հեռուստաընկերության հաշվարկներով՝ աջ կենտրոնամետ ուժերի միությունը Պատգամավորների պալատի 400 տեղերից կստանա 227-257 տեղ, Սենատի 200 տեղերից՝ 111-131:

  • Կիսվել: