Իտալիան, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան Իսրայելին կոչ են արել դադարեցնել բնակավայրերի ընդլայնումն Արևմտյան ափին
Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ուրբաթ Իսրայելին կոչ են արել դադարեցնել իր բնակավայրերի ընդլայնումը Հորդանան գետի արևմտյան ափին: Նրանք հայտարարել են, որ կառավարությունը «խարխլում է կայունությունը» և երկու պետությունների ստեղծման հեռանկարները: Այս մասին ասված է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է Ֆրանսպրեսը։
Նշվում է, որ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել բնակավայրերի և վարչական լիազորությունների ընդլայնումը, ապահովել պատասխանատվությունը վերաբնակիչների իրականացրած բռնությունների համար և հետաքննել Իսրայելի զինված ուժերի հասցեին հնչող մեղադրանքները»:
Ընդգծելով, որ իրավիճակը Հորդանան գետի արևմտյան ափին վերջին մի քանի ամիսների ընթացքում «զգալիորեն վատթարացել է»՝ եվրոպական երկրները հայտարարել են, որ պաղեստինցիների նկատմամբ վերաբնակիչների բռնությունները հասել են «աննախադեպ մակարդակի»։
«Իսրայելի կառավարության քաղաքականությունն ու գործելակերպը, ներառյալ՝ իսրայելական վերահսկողության հետագա ամրապնդումը, խարխլում են կայունությունը և երկու պետությունների համակեցության վրա հիմնված կարգավորման հեռանկարները»,-ասված է հայտարարության մեջ։
Երկրները դատապարտել են Իսրայելի «E1» բնակեցման ծրագիրը՝ շինարարական նոր նախագիծ, որը նախատեսում է շուրջ 3400 բնակելի միավորի կառուցում օկուպացված Արևմտյան ափի ավելի քան 12 քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ հայտարարելով, որ դա կլինի «միջազգային իրավունքի լուրջ խախտում»։
«Ձեռնարկությունները չպետք է մասնակցեն «E1»-ի կամ բնակավայրերում այլ օբյեկտների կառուցման տենդերներին։ Նրանք պետք է գիտակցեն բնակավայրերի կառուցմանը մասնակցելու իրավական և համբավի վրա անդրադարձող հետևանքները, ներառյալ՝ միջազգային իրավունքի լուրջ խախտումների մեջ ներգրավվելու ռիսկը»,-ասված է չորս երկրների հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարությամբ նաև Իսրայելին կոչ է արվում չեղարկել Պաղեստինի ինքնավարության և պաղեստինյան տնտեսության նկատմամբ կիրառվող ֆինանսական սահմանափակումները։


