շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսրայելը փորձում է խանգարել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ միջուկային գործարքի կնքմանը

Իսրայելը փորձում է խանգարել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ միջուկային գործարքի կնքմանը

Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդն այսօր առավոտյան կառավարության նիստի սկզբում անդրադարձել է (Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի) միջուկային համաձայնագրին, որը ձեւավորվում է Իրանի եւ արեւմտյան տերությունների միջեւ:

Իսրայելի վարչապետը տեղեկացրել է, որ վաղը Վաշինգտոն է մեկնելու «Մոսադի» ղեկավար Դավիթ Բառնեան՝ «միջուկային համաձայնագրի ստորագրումը թույլ չտալու ջանքերի շրջանակում հանդիպումներ ունենալու համար»։
Լապիդի խոսքով՝ չորեքշաբթի ինքը զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ եւ տեղեկացրել, որ Իսրայելը դեմ է միջուկային համաձայնագրին։
 
Ջո Բայդենն, իր հերթին, ըստ նրա, հայտնել է, որ «խորապես հավատարիմ է Իսրայել պետության անվտանգությանը»։
 
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին տեղեկացրել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին կառուցողական պատասխան է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։
 
Իրանը օգոստոսի 15-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին պատասխան էր ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման համար առաջարկված համաձայնագրի նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ կարծիք էր հայտնել բանակցություններում բաց մնացած հարցերի մասին։ ԵՄ-ում Իրանի պատասխանն անվանել են կառուցողական եւ հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ կխորհրդակցեն հետագա քայլերի վերաբերյալ։ Իրանական կողմը օգոստոսի 24-ին ստացել է ԱՄՆ-ի պատասխանը։
 
Համաձայն միջուկային պակտի՝ Թեհրանը սահմանափակել է ուրանի հարստացման իր ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։
 
2018թ. ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր գործարքից՝ այն անվանելով չափից ավելի մեղմ Իրանի նկատմամբ։

  • Կիսվել: