Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանին
Թեև դեռ գործում է հրադադարի մասին համաձայնագիրը, սակայն Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավային շրջաններին գիշերային 20 հարված հասցնելու մասին:
ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն՝ հարձակումների թիրախները ներառել են «Հեզբոլլահի» հրամանատարական կենտրոններն ու ռազմական օբյեկտները:
Նշվում է, որ գործողություններից մեկի ժամանակ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Հեզբոլլահի» զինյալի վրա, որը, բանակի տվյալներով, մոտենում էր իսրայելցի զինծառայողներին. նա սպանվել է:
Իսրայելական կողմը հայտարարել է, որ, չնայած հրադադարին, կշարունակի գործողությունները՝ ուղղված երկրի հյուսիսում իր զինվորականների և քաղաքացիական բնակչության համար սպառնալիքների վերացմանը:
Հիշեցնենք, որ կողմերի միջև հրադադարի ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ է, սակայն կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են դրա խախտումների համար:



