Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
Իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանների: Այս մասին տեղեկացնում է France 24-ը՝ ընդգծելով, որ հայտարարվել էր, թե Մերձավոր Արևելքում խաղաղության գործարքը ներառում է նաև Լիբանանը:
Ինչպես հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ NAA-ն, իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Նաբաթիե ալ-Ֆաուքա շրջանին և հարևան Քֆար Թեբնիտ քաղաքի արևելյան ծայրամասին։
Նշվում է, որ իսրայելցիները նաև անօդաչու թռչող սարքով հարվածել են Զահրանի շրջանի Անսարիե քաղաքին։
Հավելենք, որ Իսրայելի՝ շաբաթներ շարունակվող օդային հարվածներն ավերածություններ են առաջացրել Լիբանանի հարավում: Մասնավորապես՝ երեքշաբթի երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 3,826-ի, քանի որ փրկարարները փլատակների տակից ավելի շատ մարմիններ են դուրս բերել:
ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը ներառում է նաև Լիբանանը, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել էր, որ իսրայելական ուժերը կմնան երկրում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի հայտարարել է, որ հակամարտությունը չի ավարտվի, եթե իսրայելական ուժերը դուրս չբերվեն Լիբանանի տարածքից։ «Սիոնիստական ռեժիմի կողմից այսուհետ Լիբանանի վրա ցանկացած ռազմական հարձակում և Լիբանանի տարածքների շարունակական օկուպացիա մեր կողմից կհամարվի փոխըմբռնման հուշագրի խախտում»,- ասել էր Արաղչին։



