երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավ-արևմուտքին. կան զոհեր

Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավ-արևմուտքին. կան զոհեր

Սիրիայի հարավ-արևմուտքում այսօր առնվազն ինը մարդ է զոհվել Իսրայելի ավիահարվածների հետևանքով, ընդ որում Իսրայելը մեղադրում է Թուրքիային Սիրիայում «պրոտեկտորատ» ստեղծելու փորձի մեջ, տեղեկացնում է Սիրիայի պետական ​​SANA լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ ավիահարվածների հետևանքով զոհվածները խաղաղ բնակիչներ են:

Ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված՝ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի՝ նրանք Դարաա նահանգի զինված բնակիչներ են:

Իր հերթին Associated Press-ը հայտնում է, որ Իսրայելը նաև հարվածներ է հասցրել Սիրիայի հինգ քաղաքներին չորեքշաբթի ուշ երեկոյան՝ ներառյալ ավելի քան մեկ տասնյակ հարվածներ Համա քաղաքի ռազմավարական ավիաբազայի մոտ, որտեղ Թուրքիան՝ ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի առանցքային դաշնակիցը, ըստ տեղեկությունների, շահագրգռված է ռազմական ներկայությամբ, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հայտնել է Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը՝ հարվածների հետևանքով Համայի ռազմական օդանավակայանը գրեթե ամբողջությամբ ավերվել է, տասնյակ խաղաղ բնակիչներ և զինվորներ վիրավորվել են:

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը Թուրքիային մեղադրել է Սիրիայում բացասական դերակատարություն ունենալու մեջ։ Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Սիրիան դառնա թուրքական պրոտեկտորատ, պարզ է, որ դա նրանց մտադրությունն է: Չենք կարծում, որ լավ էր, երբ Սիրիան իրանական խամաճիկ էր, յուրատեսակ իրանական վստահված անձ։ Եվ մենք չենք համարում, որ Սիրիան պետք է լինի թուրքական պրոտեկտորատ»:

  • Կիսվել: