չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Իսրայելը չի լքի Լիբանանի հարավը, քանի դեռ սպառնալիքը չի չեզոքացվել. Նեթանյահու

Իսրայելը չի լքի Լիբանանի հարավը, քանի դեռ սպառնալիքը չի չեզոքացվել. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում այցելել է իսրայելական զորքերին և զինծառայողներին կոչ արել անմիջապես արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ առանց լրացուցիչ հրամանների սպասելու: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Եթե դուք սպառնալիք հայտնաբերեք ձեր անվտանգությանը, ձեր կյանքին կամ ձեր ընկերների կյանքին՝ գործե՛ք։ Մի՛ սպասեք։ Գործե՛ք։ Սա խիստ և անվերապահ հրաման է»:

Նշվում է նաև, որ ուղևորության ընթացքում Նեթանյահուին ուղեկցել են պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ Թամիր Յադային, ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Շմուել Բեն-Էզրան և վարչապետի ռազմական քարտուղար Գայ Մարկիզենոն։

Այցը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ Իսրայելն ու Լիբանանը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնեցրել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում՝ Լիբանանի հարավային մասում «Հեզբոլլահի» հաստատված զինաթափման դիմաց։

Իսրայելի վարչապետը նշել է, որ հենց Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի ռազմական գործողություններն են հնարավոր դարձրել այս պայմանավորվածությունների ձեռքբերումը։

«Այստեղ ձեր գործողությունների շնորհիվ Լիբանանը ճանաչում է Իսրայելը, Իսրայելը ճանաչում է Լիբանանը, իսկ մենք Իրանին և «Հեզբոլլահին» ասում ենք՝ հեռացե՛ք այստեղից։ Դուք այստեղ տեղ չունեք… Սա ապտակ է և հզոր հարված իրանական առանցքին»,-նշել է նա և ընդգծել, որ Իսրայելը չի լքի Լիբանանի հարավը, քանի դեռ սպառնալիքը չի չեզոքացվել։

«Քանի դեռ «Հեզբոլլահը» մնում է այստեղ զինված և սպառնալիք է մեզ համար, մենք դեռ կմնանք այստեղ»,-ասել է Նեթանյահուն։

  • Կիսվել: