Իսրայելի վարչապետը բանակին հրամայել է «ուժային հարված» հասցնել Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին՝ ՑԱԽԱԼ-ին, կարգադրել է «ուժային հարված հասցնել Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին»: Այս մասին ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» հրթիռներ եւ անօդաչուներ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների եւ զորքերի դեմ, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում:
Լիբանանի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2 496-ի, 7 725 մարդ մարտի 2-ին սկսված վերջին պատերազմի թեժացման պահից ստացել է վիրավորումներ։
Հիշեցնենք, որ «Հեզբոլլահը» վերսկսել է Իսրայելին հասցվող հարվածները՝ ի նշան բողոքի Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի սպանվելուց հետո։


