Իսրայելական բանակը Լիբանանի հարավում զոհ և վիրավորներ ունի
Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանի հարավում իր մեկ զինվորի մահվան և յոթ զինվորի վիրավորման մասին՝ Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահ» խմբավորման տեղադրած ականի պայթյունի հետևանքով, տեղեկացնում է Еuronews-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես այն ժամանակ, երբ Իրանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռակա կարգով ստորագրել են խաղաղության վերաբերյալ փոխըմբռնման շրջանակային հուշագիրը: Իսրայելը նախկինում զգուշացրել էր, որ ինքը համաձայնագրի կողմ չէ և կշարունակի լուծել ազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ հարավային Լիբանանում: Չնայած հրադադարին՝ այնտեղ շարունակվում են հրետակոծությունները:
Հավելենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը քննադատել էր Իսրայելին «Հեզբոլլահի» հետ հակամարտության պատճառով հարավային Լիբանանում «չափազանց երկար» մնալու համար։
Ընդգծենք նաև, որ ԱՄՆ-Իրան շրջանակային հուշագրում ներառված է Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին կետ։
Իրենց հերթին իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունն անընդունելի է համարում լիբանանյան և իրանական ուղղությունների համատեղումը մեկ համաձայնագրի շրջանակում։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը զգուշացնում է Լիբանանում մարդասիրական ճգնաժամի սրման մասին, որտեղ, կազմակերպության տվյալներով, հակամարտությունն արդեն տեղահանել է ավելի քան մեկ միլիոն մարդու և սպանել գրեթե 4000-ի։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1253464


