Իրանահայ պատգամավորը կարևորել է ընտրություններին հայերի ակտիվ մասնակցությունը
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանը Թեհրանում կայացած «Ծառայության ճանապարհին» հանդիպմանը կարևորել է նախագահական ընտրություններին իրանահայերի ակտիվ մասնակցությունը, գրում է parstoday.ir-ը:
«Ծառայության ճանապարհին» միջոցառումը կայացավ Թեհրանի իրանահայ արհեստավորների միության նիստերի դահլիճում ի հիշատակ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, միաստվածական կրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառմանն ունեցած ելույթում, Արա Շահվերդյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսին Իրանի կառավարման լավագույն օրինակն էր, հավելելով․ «Նահատակ Ռայիսին իրեն համարում էր ժողովրդի ծառա և հեղափոխության պարտապանը։ Այաթոլլահ Ռաիսին հեղափոխության դինամիզմի խորհրդանիշն էր և դաշտ դուրս եկավ հեղափոխության սկզբնական գաղափարներից վերցված կարգախոսներով և միշտ ձգտեց ծառայել ժողովրդին»։
Կարևորելով ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունն Արա Շահվերդյանն ասել է․ «Հունիսի 28 -ին ժողովրդի հեղինակության դրսևորման և երկրի ապագա ճակատագիրը որոշելու օրն է։ Ընտրությունների հիմնական արդյունքներից մեկը ժողովրդավարությունն է։ 14-րդ նախագահական ընտրությունների շրջանում կարեկցանքի բանալին՝ անկախ կրոնական պատկանելությունից, տնտեսական և սոցիալական իդեալներին հասնելու մարդկանց ցանկությունն է»։