հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հունաստանն ու Կիպրոսը արձագանքել են Ֆիդանի հայտարարություններին

Հունաստանն ու Կիպրոսը արձագանքել են Ֆիդանի հայտարարություններին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Արևելյան Միջերկրականում համագործակցությունների վերաբերյալ հայտարարություններին արձագանքել են Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը, գրում է ermenihaber.am-ը:

Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Ֆիդանի գնահատականները՝ դրանք որակելով «իրականությունը խեղաթյուրող»։ Միաժամանակ նշվել է, որ Կիպրոսը, որպես ԵՄ անդամ պետություն, գործում է միջազգային իրավունքի շրջանակում և չի հետապնդում տարածաշրջանային գերակայության նպատակներ։

Պաշտոնական հայտարարությունում նաև կրկնվել է Կիպրոսի դիրքորոշումը, ըստ որի՝ Թուրքիան շարունակում է «օկուպացնել ԵՄ տարածք»։

Նմանատիպ արձագանք է հնչել նաև Հունաստանից, որտեղ ընդգծվել է, որ իրականության խեղաթյուրումը չի կարող նպաստել տարածաշրջանային խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք, որ Ֆիդանը քննադատել էր Հունաստանի և Կիպրոսի համագործակցությունը Իսրայելի հետ՝ նշելով, որ այն կարող է ավելացնել լարվածությունն ու անվստահությունը տարածաշրջանում։

  • Կիսվել: