Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ատոմային ռումբից տուժած Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներ այցելելուց մեկ օր հետո համաշխարհային առաջնորդներին կոչ է արել երաշխավորել, որ միջուկային զենքն այլեւս երբեք չի օգտագործվի, տեղեկացնում է Reuters-ը։
Հռոմի պապի՝ Ճապոնիա այցի կարեւոր թեման դարձել է միջուկային ապառազմականացումը: «Ես կոչ եմ անում կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները երբեք չկրկնվեն մարդկության պատմության մեջ»,-Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ ասել է Հռոմի պապկը: Աբեն էլ ընդգծել է, որ Ճապոնիան հավատարիմ է առանց միջուկայի զենքի խաղաղության գաղափարին։
Պապի եւ կայսր Նարուխիտոյի հանդիպման թեման նույնպես միջուկային ապառազմականացումն է եղել: Ֆրանցիսկոս պապը պատմել է իր մանկական հիշողությունների մասին, թե ինչպես էին իր ծնողները լալիս՝ լսելով Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա հարձակման մասի: Նա ասել է, որ դա անջնջելի տպավորություն է թողել իր վրա: