շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները. ԱՄՆ կոնգրեսական

Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն վստահ է, որ ի հեճուկս Ադրբեջանի կողմից առ այսօր շարունակվող հարձակումների ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դրսևորումների, միևնույնն է, հայերի ոգին հնարավոր չի լինի կոտրել:

Այս մասին նա նշել է Բաքվի և Սումգայիթի կոտորածների 30-րդ տարելիցի առնչությամբ արած հայտարարության մեջ:

Ջուդի Չուն հիշեցրել է, թե ինչպես մոտ 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ էթնիկ հողի վրա իրականացվեցին կոտորածներ:

«Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները՝ Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում, տեղահանվեցին: Այս կոտորածներն ուղղակիորեն խախտում էին Արցախի ինքնորոշման իրավունքը, և այդ խախտումը շարունակվում է առ այսօր: 2020 թվականի աշնանը, երբ ողջ աշխարհը պայքարում էր՝ զսպելու կորոնավիրուսի համավարակը, Ադրբեջանը հերթական պատերազմը սկսեց Արցախի խաղաղ բնակչության դեմ՝ ավերելով նրանց տներն ու գյուղերը, կրկին տեղահանելով հազարավոր մարդկանց: Այս բռնությունն անընդունելի է, այդ իսկ պատճառով ես կոչ եմ արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև՝ հորդորել եմ դադարեցնել ԱՄՆ կողմից աջակցության տրամադրումն Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ պետք է բավարարել նաև հայ ժողովրդի հումանիտար կարիքներն, ինչի մասին ինքն արդեն խոսել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի հետ:

Ջուդի Չուն հիշել է 2019 թվականի հոկտեմբերին Արցախ կատարած այցը՝ նշելով.

«Ես այնտեղ տեսա, թե ինչ հպարտ են մարդիկ ու որքան ուժեղ են: Այդ իսկ պատճառով ես գիտեմ, որ ինչպես նրանց ոգին չկոտրվեց Սումգայիթի և Բաքվի կոտորածներից հետո, այնպես էլ այն չի կոտրվի այսօր: Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների նրանց պայքարում, և լինել միասնական՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները, որոնք չափազանց շատ մարդկային կյանքեր են խորտակել»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: