Հորդանանում հայտարարել են «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման լուծարման մասին
Հորդանանի իշխանությունները կարգելեն «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման գործունեությունը երկրում: Այս մասին Ամմանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Մազեն Ֆարայան՝ հավելելով, որ կբռնագրավեն նրա ունեցվածքը և կփակեն Թագավորությունում կազմակերպության բոլոր գրասենյակները։
Ըստ նախարարի՝ խմբավորման անդամները զբաղվել են ընդհատակյա գործունեությամբ՝ ուղղված երկրում իրադրության ապակայունացման ու ազգային միասնության խաթարմանը:
Ֆարայան ասել է. «Մուսուլման եղբայրներին» անդամակցելը, ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում նրանց գաղափարները տարածելը կպատժվի օրենքով»:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Հորդանանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դավադրություն է կանխել՝ ձերբակալելով 16 մարդու, որոնք մեղադրվում են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու, զենք պահելու և օտարերկրյա կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար։
Հորդանանում «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը «Իսլամական գործողությունների ճակատն» է, որի կողմնակիցները երկրի խորհրդարանում զբաղեցնում են 31 տեղ։