երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ շատ քաղաքացիներ Ուկրաինայից տեղափոխվել են Եվրոպա, բայց հայրենիք վերադառնալու հնարավորություն չունեն. Խարկովի ՀՀ հյուպատոսի օգնական

ՀՀ շատ քաղաքացիներ Ուկրաինայից տեղափոխվել են Եվրոպա, բայց հայրենիք վերադառնալու հնարավորություն չունեն. Խարկովի ՀՀ հյուպատոսի օգնական

Ուզում եմ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մի խնդրի վրա հրավիրել, Ուկրաինայից շատ ՀՀ քաղաքացիներ կան, որ այս պահին արդեն դուրս են եկել Եվրոպա և ցանկություն ունեն վերադառնալու հայրենիք, սակայն դրա համար ֆինանսական հնարավորություն չունեն: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը: «Ուզում եմ ՀՀ կառավարության ուշադրությունը հրավիրել, որ նրանց համար չարթերային թռիչքներ կազմակերպվեն, եթե դրանք հնարավոր չէ անվճար կազմակերպել, ապա գոնե ավելի մատչելի գներով տոմսերը լինեն, որպեսզի մարդիկ կարողանան հայրենիք վերադառնալ: Ես շատ ընտանիքներ գիտեմ, որ եթե տոմսերը փոքր ինչ մատչելի լինեին՝ կվերադառնային: Պատկերացրեք, երբ ընտանիքը 4-5 անձից է բաղկացած, իսկ տոմսը 200 դոլար արժե: Ընտանիքի համար, որ ամեն բան կորցրել է՝ անգամ այդ գումարը դժվար է վճարել: Օրինակ Վարշավայից Երևան չվերթներ են բացվում, որոնց տոմսերի միջին գինը տատանվում է 200 դոլարի սահմաններում: Ցանկալի կլիներ, որ այդ թռիչքներն առավել մատչելի գներով կազմակերպվեին»:  

Հովհաննիսյանն ասաց, որ Խարկովում իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարդկանց մեծ մասը դուրս են եկել Խարկովից և այժմ գտնվում են արևմտյան շրջաններում, բայց կան դեռ բնակիչներ, ովքեր շարունակում են մնալ Խարկովում և սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը:

«Բարեբախտաբար, հայերի շրջանում Խարկովում զոհեր չունենք: Ընդհանուր առմամբ՝ փորձում ենք օգնել համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր դեղորայքի խնդիր ունեն: Օրինակ, այսօր տեղեկություն ստացանք, որ մի ընտանիքում տղան երևանյան հիվանդություն ունի և որոշ դեղամիջոցներ էին պետք, մենք լուծումներ գտանք: Հիմնականում, հիմա դեղորայքի խնդիրներ են լինում բնակիչների շրջանում: Սննդամթերքի հետ կապված հիմա արդեն այնքան սուղ վիճակ չէ, ինչպես կար գործողությունների առաջին օրերին, հիմա արդեն իշխանությունները տարբեր լուծումներ են գտել, հումանիտար օգնություն են տալիս բնակչությանը: Շատ հազվադեպ է լինում, որ սննդամթերքի խնդիր է լինում, այն էլ բացառապես այն դեպքերում, երբ մարդը հաշմանդամ է, նման դեպքում, իհարկե, սննդամթերքը հասցվում է»:

  • Կիսվել: