շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԲ փոխնախագահն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը

ՀԲ փոխնախագահն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը

Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն «Լուրերի» հետ զրույցում ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:

Համաշխարհային Բանկի փոխնախագահն ընդգծել է, որ իրենք Հայաստանի կառավարության ծրագիրը գնահատում են որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային փաստաթուղթ: Հայաստանին աջակցության պատրաստակամությունը քննարկել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը:

Աննա Բյերդե (Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ) - Այցի նպատակն է տարբեր ոլորտներում շարունակել երկարատև գործակցությունը Հայաստանի հետ: Տասնամյակներ շարունակ կառուցողական և արգասաբեր գործակցության փորձ ունենք Երևանի հետ: Այցիս նպատակն է նաև Կառավարության հետ քննարկել Ձեր երկրի առաջնահերթությունները՝ հատկապես շեշտելով, թե Համաշխարհային բանկն ինչով կարող է օգտակար լինել: Մեր քննարկումը կենտրոնացրինք մի քանի ուղղության վրա. քննարկել ենք նախ համավարակի ստեղծած իրավիճակը, արձանագրել՝ Հայաստանն այժմ կարող է օգտվել մի քանի պատվաստանյութից, հիմա կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել պատվաստումների տեմպի վրա:

Մենք քննարկեցինք տարբեր ռազմավարություններ, մոտեցումներ, հաղորդակցության ծրագրեր, որոնք կօգնեն բարձրացնել պատվաստումների տեմպը: 2020-ին նաև ցնցումներ գրանցվեցին, որոնք անդրադարձան Հայաստանի տնտեսության վրա: Խոսել ենք նաև, թե ինչպես կարելի է այս տարի կայունացնել տնտեսությունը: Այս համատեքստում տեղին է Հայաստանի կառավարության ծրագիրը մի քանի բաղադրիչով: Աշխատում ենք, որ երկրում ավելացնենք ենթակառուցվածքները, զարգացնենք մարդկային կապիտալը:

Հատկապես կարևոր ենք համարել ինչպես տարրական, այնպես էլ բարձրագույն կրթությունը, Հայաստանի համար կանաչ տնտեսության զարգացման հնարավորությունները: Ուրախ եմ նշել, որ մենք ԵՄ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկված ենք «Գրին Արմինիա» հարթակի ձևավորման աշխատանքում, որ գտնենք նոր աշխատատեղերի ստեղծման ու բարձր տնտեսական աճ ապահովելու ուղիները:

  • Կիսվել: