ՀԱՄԱՍ-ը վերջին պահին հրաժարվել է մի շարք պայմանավորվածություններից. Նեթանյահուի գրասենյակ
Իսրայելի նախարարների կաբինետը չի կարող քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի հաստատման օգտին, քանի որ խմբավորումը վերջին պահին հրաժարվել է մի շարք պայմանավորվածություններից: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, «Մոսադի» տնօրեն Դավիդ Բարնեայի գլխավորած իսրայելական պատվիրակությունը դեռ Դոհայում է և շարունակում է համաձայնեցնել գործարքի մանրամասները միջնորդների հետ՝ հայտնում են Երուսաղեմի աղբյուրները: Առանց այդ պատվիրակության անդամների թույլտվության՝ նեղ զինվորական կաբինետն ու նախարարների կաբինետը քվեարկություն չեն անցկացնի:
Իսրայելի կառավարության մամուլի խոսնակ Դավիդ Մենսերի խոսքով՝ խմբավորումը վերջին վայրկյանին պահանջել է, որպեսզի ՑԱԽԱԼ-ը դուրս բերվի նաև Գազայի հատվածի համար կենսական նշանակություն ունեցող Ֆիլադելֆիայի միջանցքից։ Նրա խոսքով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն «խստորեն պահանջել է, որպեսզի ՀԱՄԱՍ-ը հրաժարվի նման պահանջից»: Խոսնակը նշել է, որ քանի դեռ միջնորդները չեն տեղեկացրել Իսրայելին, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է բոլոր կետերի հետ, նախարարների կաբինետը չի քվեարկի գործարքի հաստատման օգտին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարքի մասին հայտարարվել էր չորեքշաբթի երեկոյան։ Բանակցությունների գլխավոր միջնորդները՝ Քաթարն ու ԱՄՆ-ն, դա ներկայացրեցին որպես կատարված փաստ, մինչդեռ իսրայելական կողմից ամպագոռգոռ հայտարարություններ չեղան: