կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
«Գնալ Փաշինյանի հեղափոխական ճանապարհով». Սաակաշվիլիի հորդորը՝ Վրաստանի քաղաքացիներին

«Գնալ Փաշինյանի հեղափոխական ճանապարհով». Սաակաշվիլիի հորդորը՝ Վրաստանի քաղաքացիներին

Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կեղծվել են։ Նա  կարծում է, որ Վրաստանի բնակիչներն այժմ պետք է գնան Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ճանապարհով, տեղեկացնում է ekhokavkaza.com-ը։

Սաակաշվիլիի փաստաբան, ՛՛Մթավարի՛՛ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներկայացրել է նրա ուղերձը, որում Վրաստանի նախկին նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Ի՞նչ պետք է անենք. Միայն մի բան՝ մենք պետք է ստիպենք նրանց վճարել այն գինը, որը վճարում են ինքնասեր ազգերը կեղծարար իշխանություններին: Նրանց իշխանությունը պետք է խլենք ու ամեն ինչի համար օրենքի առաջ պատասխանատվության ենթարկենք։ Այդպես վարվեց մեր հարևան Հայաստանը։ Այնտեղ Փաշինյանը կռվում էր իր կալիբրով չորս անգամ Իվանիշվիլիին գերազանցող օլիգարխի դեմ, որի թիկունքին կանգնած էր Ռուսաստանը. նրա համար նույնպես կեղծում էին ընտրություններ, բայց հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հաղթեց։ Ավելի ու ավելի շատ մարդիկ դուրս եկան փողոցներ, և ավազակային իշխանությունները ստիպված էին հեռանալ, ստիպված եղան արտահերթ ընտրություններ նշանակել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանում կայացել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ 20 քաղաքներից 19-ում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են իշխող ՛՛Վրացական երազանք՛՛ կուսակցության թեկնածուները։ Միակ քաղաքը, որտեղ հաղթել է ընդդիմադիր ՛՛Միացյալ ազգային շարժման՛՛ ներկայացուցիչը, Ծալենջիխան է։

Հիշեցնենք նաև, որ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: 

  • Կիսվել: