ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղազախստանում ընտրատեղամասերի փակմանն ընդառաջ քաղաքացիների մասնակցությունը եղել է 54.09%

Ղազախստանում ընտրատեղամասերի փակմանն ընդառաջ քաղաքացիների մասնակցությունը եղել է 54.09%

 Ղազախստանի մաժլիսի (խորհրդարանի ստորին պալատ) և մասլիխատի (տեղական ներկայացուցչական մարմիններ) պատգամավորների ընտրություններին մասնակցությունը մայրաքաղաքում և երկրի 15 այլ շրջանում ընտրատեղամասերի փակմանն ընդառաջ կազմել է 54,09%։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը։
 
«2023 թվականի մարտի 19-ի ժամը 20:00-ի դրությամբ մարզային, հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքային հանձնաժողովների ներկայացրած տվյալների համաձայն` քվեաթերթիկ ստացել է ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 54,09%-ը»,– ասել է Երմանը։
 
Ամենաշատը ընտրություններին մասնակցել են երկրի հարավում գտնվող Կիզիլորդի շրջանի բնակիչները` 66,46%, իսկ ամենաքիչը` Ալմաթիում` 25,82%։
Հինգ շրջանում` Արևմտյան Ղազախստանում, Ատիրաուսում, Ակտյուբինում, Մանգիստաուսում և Կիզիլորդում, ժամանակի տարբերության պատճառով տեղամասերը կփակվեն 1 ժամ ուշ:
Խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 7 կուսակցություն` «Ամանաթ», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը և «Respublica կուսակցություն» հասարակական միավորումը։
 
Մաժիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։ Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել է 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ կպայքարեն ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները։

  • Կիսվել: