Գազայի հատվածում 2006 թվականից ի վեր անցկացվում են առաջին ընտրությունները
Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում, ինչպես նաև Գազայի հատվածի Դեյր էլ-Բալահ նահանգում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց կարող է մասնակցել ավելի քան մեկ միլիոն ընտրող, որոնցից մոտ 70,5 հազարը՝ Գազայի հատվածում։ Այս մասին հայտնել է Պաղեստինի ազգային վարչակազմի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), տեղեկացնում է DW-ն։
Ընտրությունները կազմակերպել է Պաղեստինի ազգային վարչակազմը՝ 90-ամյա նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ։ Այն կառավարում է Արևմտյան ափի մի մասը։
Ինչպես հաղորդվում է՝ Գազայում քվեարկություն անցկացվում է առաջին անգամ 2006 թվականից, երբ հաղթեց «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը, որը Եվրամիությունում և բազմաթիվ այլ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
Նշվում է, որ այս ընտրություններին մասնակցող թեկնածուները պետք է ստորագրեին հայտարարություն՝ աջակցելով անկախ պաղեստինյան պետության և Իսրայելի խաղաղ համակեցության գաղափարին։ «ՀԱՄԱՍ»-ը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը չեն աջակցում այս գաղափարին։ Բացի այդ, ընտրվողների մեծ մասը Աբասի համախոհներն են և նրա գլխավորած «ՖԱԹՀ» շարժման անդամներ կամ անկախ թեկնածուներ։
Ըստ աղբյուրի՝ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 26-ին:


