երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
G7-ն Իրանին խորհուրդ է տվել բաց չթողնել հնարավորությունը և ատոմի վերաբերյալ համաձայնագիր կնքել

G7-ն Իրանին խորհուրդ է տվել բաց չթողնել հնարավորությունը և ատոմի վերաբերյալ համաձայնագիր կնքել

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները կոչ են արել Իրանին ատոմի վերաբերյալ համաձայնագիր կնքել, քանի դեռ կա հնարավորություն։

«Մենք ողջունում ենք Վիեննայում միջուկային համաձայնագրի վերականգման շուրջ բանակցությունների վերսկսումը:
 
Մենք կոչ ենք անում Իրանին վերջ տալ միջուկային էսկալացիային և օգտվել այս հնարավորությունից՝ գործարք կնքելու համար, քանի դեռ դա հնարավոր է», - ասված է Լիվերպուլում նախարարների հայտարարության մեջ:
 
Հիշեցնենք, 2021 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Իրանը և մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում անցկացրել են բանակցությունների վեց փուլ՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն։ ԳՀՀԾ-ի շուրջ խորհրդակցությունների յոթերորդ փուլը մի քանի ամիս դադարից հետո վերսկսվել էր նոյեմբերի 29-ին:
 
Դեկտեմբերի 3-ին բանակցությունները դադարեցվել էին։ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագետները նշել են, որ Վիեննայի բանակցություններում Իրանի կողմից ներկայացված առաջարկները հակասում են նախորդ «դժվար փոխզիջումներին», որոնք ձեռք են բերվել բանակցությունների նախորդ վեց փուլերի ընթացքում։
 
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ Իրանի նոր կառավարությունը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել Վիեննայում վերսկսված բանակցությունների նկատմամբ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը հոռետես է Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դիրքորոշման նկատմամբ։
 
Նա նշել է, որ ԱՄՆ պաշտոնյաները խնդրում են բանակցություններ սկսել և վերադարձնել ԳՀՀԾ-ին, բայց միևնույն ժամանակ նոր պատժամիջոցներ են սահմանում իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

  • Կիսվել: