չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Եվրամիությունը Մերկոսուրի հետ ազատ առեւտրի մասին իր ամենամեծ համաձայնագիրն է կնքել

Եվրամիությունը Մերկոսուրի հետ ազատ առեւտրի մասին իր ամենամեծ համաձայնագիրն է կնքել

Եվրամիությունը եւ Մերկոսուրը շաբաթ օրը Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում ստորագրել են պատմական համաձայնագիր ազատ առեւտրի մասին, տեղեկացնում է Euroactiv-ը։

Նշվում է, որ ընդգրկելով 700 մլն քաղաքացիների՝ այն դարձել է մենամեծ համաձայնագիրը, որը երբեւէ կնքել է Բրյուսել։

Ըստ աղբյուրի՝ հունվարի 9-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կանաչ լույս է վառել համաձայնագրի ստորագրման առջեւ, որը մշակվում էր ավելի քան 25 տարի։ ԵՄ երկրների մեծ մասը աջակցել է համաձայնագրին՝ չնայած Ֆրանսիայի եւ Լեհաստանի դիմակայությանը։

«Մենք ընտրում ենք արդար առեւտուրը մաքսատուրքերի փոխարեն, մենք ընտրում ենք արդյունավետ, երկարաժամկետ գործընկերությունը մեկուսացման փոխարեն, եւ ամենից առաջ մենք մտադիր ենք իրական եւ շոշափելի օգուտներ բերել մեր ժողովուրդներին եւ ընկերություններին»,- ասել է նա ստորագրման արարողության ժամանակ։

Ֆոն դեր Լյայենն ընդգծել է համաձայնագրի աշխարհաքաղաքական կարեւորությունը. «Երբ մեր նման երկու տարածաշրջաններ մեկ ձայնով խոսեն գլոբալ հարցերի շուրջ, աշխարհը կլսի»։

Համաձայնագիրը ստորագրվել է Պարագվայի Կենտրոնական բանկում, արարողությանը մասնակցել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Մերկոսուրի ներկայացուցիչների թվում էին Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան, Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն ու Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին, ինչպես նաեւ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն, որը Մերկոսուրի ասոցացված անդամ է։

  • Կիսվել: