Եվրամիությունը քննարկում է Վրաստանի հարցը
Բրյուսելում տեղի է ունենում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը, որը նախագահում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն «գործակալների օրենքի» պատճառով Վրաստանում ստեղծված հակասական իրավիճակը, գրում է aliq.ge-ը:
Հանդիպման մեկնարկից առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Բորելն ասել է, որ «սա կլինի առաջին դեպքը, երբ նախարարները կգնահատեն Վրաստանում տիրող իրավիճակը»։
«Հասկանալի է, որ (Վրաստանի-հեղ.) կառավարությունը շեղվում է եվրոպական ճանապարհից, և նախարարները պետք է որոշեն, թե ինչ կարելի է անել», — ասել է Բորելը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը պարզաբանել է՝ առաջին հարցը, որը կքննարկվի, լինելու է Վրաստանը։ Բերբոկը խոսել է «գործակալների մասին օրենքի» մասին՝ ասելով, որ իր համար «իրոք ցավալի է, որ Վրաստանի կառավարությունն արգելափակում է իր ժողովրդի, առաջին հերթին երիտասարդների՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն ունենալու այս մեծ երազանքը»: Նա կրկնել է՝ «գործակալների օրենքը» անհամատեղելի է եվրոպական արժեքներին:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը լրագրողներին ասել է՝ հույս ունի, որ «ԵՄ-ն հստակ ազդանշան կուղարկի, որ եթե օրենքը վերջնական տեսքով ընդունվի, Վրաստանն այլևս չի կարողանա շարունակել իր ճանապարհը դեպի ԵՄ»։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր՝ մայիսի 27-ին, աջակցել է «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարմանը։