Եթե Իսրայելն Իրանի դեմ որևէ քայլ ձեռնարկի, անսպասելի պատասխան կստանա. Փեզեշքիան
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի հանցագործությունների շարունակման պատճառն Արևուտքի աջակցությունն է, գրում է parstoday.ir-ը:
Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը նշել է, որ նախագահական մրցապայքարի մեջ մտել է երկրում համախմբվածության ու աշխարհի հետ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման նպատակով, ինչի շնորհիվ արժանացել է ժողովրդի բարեհաճությանը։
Նա հավելել է․ «Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրը Սիոնիստական ռեժիմը խաթարեց մեր նպատակներին հասնելու գործընթացը՝ սպանելով Իսմայիլ Հանիեին, որն Իրանում էր որպես պաշտոնական հյուր»:
Pars Today-ի փոխանցմամբ՝ նշելով, որ Իրանը Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հանցագործությունների դեմ զսպվածություն է ցուցաբերել՝ հույս ունենալով, որ Գազայում հրադադար կհաստատվի, Փեզեշքյանն ասել է․ «Բայց Գազայում Իսրայելի ոճրագործությունների շարունակությունը և դրանց շրջանակի ընդլայնումը դեպի Լիբանան, ստիպեցին Իրանին անարձագանք չթողնել ռեժիմի գործողությունները»:
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակության պատճառն արևմտյան երկրների աջակցությունն է, Փեզեշքյանը հավելել է․ «Եթե Սիոնիստական ռեժիմը սխալվի և Իրանի դեմ որևէ գործողություն կատարի, կստանա վճռական և անսպասելի պատասխան։ Մենք չենք ցանկանում հակամարտություն և լարվածություն տարածել տարածաշրջանում և ողջունում ենք ցանկացած գործողություն՝ ուղղված խաղաղության և հաստատմանը։ Սակայն Սիոնիստական ռեժիմի գործողություններն իրականացվում են ամբողջ տարածաշրջանը կրակի մատնելու նպատակով։ Ուստի անհրաժեշտ է, որ այլ, հատկապես՝ արևմտյան երկրները, վերահսկեն ագրեսոր ռեժիմին»:
Հանդիպմանը Եթովպիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանը Եթովպիայում լավ են ճանաչում և այդ երկրի ժողովրդի հիշողության մեջ առկա է երկկողմ հարաբերությունների ու պատմության դրական պատկեր։
Նա հավելել է․ «Մենք մտահոգությամբ ենք հետևում ձեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին»։
Նշելով, որ Իրանը ուժեղ և անկախ երկիր է, Աբի Ահմադը հավելել է, որ այսօր համաշխարհային և տարածաշրջանային կառույցների միջև առկա է անհավասարություն, և այնպիսի խմբերն ինչպես ԲՐԻԿՍ-ը, արդյունավետ դերակատարում ունեն դրանք վերացնելու գործում: