Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր բոլոր պատանդներին չազատի, Իսրայելը Գազայում կվերսկսի ինտենսիվ մարտերը. Նեթանյահու
Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր բոլոր պատանդներին չազատի, Իսրայելը Գազայում կվերսկսի ինտենսիվ մարտերը: Այս մասին անվտանգության հարցերի շուրջ չորսժամյա կաբինետի նիստից հետո իր տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը նախօրեին «խախտել է պայմանավորվածությունը»՝ հայտարարելով «պատանդներին չազատելու վերաբերյալ» իր որոշման մասին։
«Եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի մեր պատանդներին մինչև շաբաթ կեսօր, հրադադարը կավարտվի, և Իսրայելի պաշտպանության բանակն ինտենսիվ մարտերի կվերադառնա, մինչև ՀԱՄԱՍ-ը վերջնականապես ջախջախվի»,-սպառնացել է Նեթանյահուն:
Սակայն նա չի հստակեցրել, թե շաբաթ օրը քանի պատանդ պետք է ազատ արձակվի։ Ըստ գործարքի՝ շաբաթ օրը նախատեսվում է երեք իսրայելցի պատանդների ազատ արձակում:
Ավելի վաղ հայտննել էիինք, որ Իսրայելին մեղադրելով համաձայնագիրը խախտելու մեջ՝ ՀԱՄԱՍ-ը նախօրեին հայտարարել էր, որ կասեցնում է պատանդների ազատ արձակումը մինչև հետագա ծանուցումը։