ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երկրում մնացել է ցորենի 10 օրվա պաշար. ահազանգում են Վրաստանից

Երկրում մնացել է ցորենի 10 օրվա պաշար. ահազանգում են Վրաստանից

Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան Business Formula-ին ասել է, որ «երկրում մնացել է ցորենի 10 օրվա պաշար», հայտնում է Aliq.ge-ն։

Սիլագավայի խոսքով, վերջին ամիսներին Վրաստան ներմուծվում է նվազագույն քանակությամբ ցորեն, ինչի արդյունքում ալրաղացների աշխատանքները դադարեցվել են։ 

«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում երեք գործարանները, որոնք աշխատում էին, կդադարեն աշխատել», — ասել է Սիլագավան: 

Սիլագավան նաև նշել է, որ ասոցիացիան վարչապետի հետ հանդիպում է խնդրել, քանի որ տնտեսական պրոֆիլի նախարարությունների հետ հանդիպումներն անարդյունք են ավարտվել, և գործարաններում աշխատող մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը. 

«Ամիսներ շարունակ աշխատել ենք աշխատանքային խմբում, որը ներառում էր էկոնոմիկայի, ֆինանսների եւ գյուղատնտեսության նախարարությունները։ Մենք առաջարկներ էինք ներկայացրել հարկային ռեժիմները փոխելու համար, ինչը մեր կարծիքով կբարելավի իրավիճակը, թեև կար կարծիքների տարբերություն, հետևաբար որոշում չկայացվեց»։ 

Նշենք, որ 2022 թվականի մարտին Վրաստանում ցորենի ներմուծումը եղել է ամենացածր մակարդակի վրա։ Մարտին երկիր է ներմուծվել 9 963 տոննա ցորեն՝ 3,197 մլն դոլար արժողությամբ, ինչը 2,3 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Փոխարենը գրեթե 11 անգամ ավելացել է ալյուրի ներկրումը։ 2022 թվականի մարտին Վրաստանը գնել է 8 724 տոննա ալյուր՝ ընդհանուր 2,589 մլն դոլար արժողությամբ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս տեսակ ապրանքի ներմուծումը կազմել է 806 տոննա՝ 241,7 հազար դոլար։ 

 

2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստան է ներկրվել 31 հազար 782 տոննա ալյուր՝ 10 հազար 322 մլն դոլար արժողությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 127 տոննայի դիմաց։

  • Կիսվել: