շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Դրուժբա» խողովակաշարին ուկրաինական հարվածի պատճառով Հունգարիան զրկվել է ՌԴ-ից ստացվող նավթից

«Դրուժբա» խողովակաշարին ուկրաինական հարվածի պատճառով Հունգարիան զրկվել է ՌԴ-ից ստացվող նավթից

Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգոստոսի 12-ին և 13-ին Բրյանսկի մարզում գտնվող հիմնական բաշխիչ կայանի վրա հարվածներից հետո Ռուսաստանը դադարեցրել է «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այս առնրությամբ հայտարարել է, որ Բուդապեշտն Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները համարում է հարձակում Հունգարիայի «էներգետիկ անվտանգության» և «ինքնիշխանության» վրա: 

Ակնկալվում է, որ նավթի մատակարարումները կվերսկսվեն առաջիկա ժամերին՝ հաշվի առնելով «առանց դադարի» իրականացվող վերանորոգման աշխատանքները, որոնց մասին, ըստ Սիյարտոյի, իրեն հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը:

Ավելի վաղ, մեկնաբանելով «Դրուժբա» բաշխիչ կայանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը, Պետեր Սիյարտոն սոցցանցի իր էջում կոչ էր արել Կիևին դադարեցնել Հունգարիա տանող էներգամատակարարման ուղիների վրա հարձակումները:

«Հունգարիան Ուկրաինայի թիվ մեկ էներգամատակարարն է։ Առանց մեզ այս երկրի էներգետիկ անվտանգությունը չափազանց անկայուն կլիներ։ Կոչ ենք անում Ուկրաինային դադարեցնել վտանգել Հունգարիայի էներգամատակարարումը մի պատերազմում, որի հետ մենք՝ հունգարացիներս, ոչ մի կապ չունենք»,-նշել էր նա։

Նշենք, որ «Դրուժբա»-ն Ռուսաստանի ամենամեծ խողովակաշարն է, որը նավթ է մատակարարում Եվրոպա։

  • Կիսվել: