երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Դադարեցնել երկակի ստանդարտների կիրառումը. Քաթարի վարչապետի կոչը միջազգային հանրությանը

Դադարեցնել երկակի ստանդարտների կիրառումը. Քաթարի վարչապետի կոչը միջազգային հանրությանը

Քաթարի վարչապետ շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին միջազգային հանրությանն այսօր կոչ է արել «դադարեցնել երկակի ստանդարտների կիրառումը» և պատժել Իսրայելին՝ կատարած հանցագործությունների համար, տեղեկացնում է Al Arabiya-ն։

Նշվում է, որ Շեյխ Մոհամեդը հանդես է եկել նախապատրաստական խորհրդաժողովում՝ Քաթարի կողմից կազմակերպված արաբ և մահմեդական առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից առաջ։ Գագաթնաժողովը հրավիրվել է այն բանից հետո, երբ Իսրայելը աննախադեպ օդային հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ Դոհայում, երեքշաբթի օրը։

Վարչապետը նաև նշել է, որ Իսրայելի «գործելակերպը» չի կանգնեցնի Դոհայի միջնորդական ջանքերը՝ Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ՝ Գազայի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Արտգործնախարարները կիրակի օրը հանդիպել են Դոհայում՝ պատրաստվելու երկուշաբթի նախատեսված գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է «Քաթարի պետության վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ» բանաձևը, որը կձևակերպվի կիրակնօրյա նախարարական հանդիպման արդյունքներով։

Գագաթնաժողովը արտահայտում է «լայն արաբական և իսլամական համերաշխություն Քաթարի պետության հետ՝ Իսրայելի վախկոտ ագրեսիայի պայմաններում… և Իսրայելի պետական ահաբեկչության կտրուկ մերժում»,-ասել է ալ-Անսարին:

  • Կիսվել: