Ցույցեր Մադրիդում. մարդիկ աջակցում են Սեուտային և պահանջում ընտրություններ
Հազարավոր մարդիկ այսօր դուրս են եկել Մադրիդի փողոցներ՝ մասնակցելու երկրորդ «Արժանապատվության երթին»։ Ակցիայի մասնակիցները պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և իրենց աջակցությունն են հայտնել Սեուտային, որտեղ միգրանտների զանգվածային ներհոսքից գրեթե երկու ամիս անց իրավիճակը դեռևս անլուծելի է մնում: Այս մասն տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ ցույցը նախաձեռնել էր «Sociedad Civil Española» կազմակերպությունը՝ Ժողովրդական (PP) և «Vox» կուսակցությունների աջակցությամբ։ Մասնակիցները երթը սկսել են առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Սիբելես հրապարակից և շարժվել դեպի Մոնկլոա թաղամասի Հաղթանակի կամար։ Նախատեսվում էր, որ ակցիան կավարտվեր տեղական ժամանակով մոտ 13:30-ին։
Երթին մասնակցել է «Vox» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը։ Նա հայտարարել է, որ Սեուտա ժամանած միգրանտները պետք է վերադարձվեն իրենց ծագման երկրներ, և քննադատել է վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարության գործողությունները։
«Սեուտան շարունակում է գրավված մնալ, քանի որ Սանչեսը շարունակում է ծառայել Մարոկկոյին. միգրացիան խրախուսվում է»,-նշել է Աբասկալը։
Նշենք, որ ներկայումս մոտ 8300 միգրանտ տեղավորվել է Սեուտայի հատուկ կենտրոններում և այլ կացարաններում։ Ըստ գնահատականների՝ ևս ավելի քան 4000 մարդ շարունակում է ապրել փողոցներում։
Մարոկկոն մեղադրում է Իսպանիային Սեուտայում մնացած միգրանտների վերադարձին խոչընդոտելու մեջ։ Վերջերս Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը Նյու Յորքում հանդիպել է իր մարոկկացի գործընկեր Նասեր Բուրիտայի հետ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։



