երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Crocus City Hall-ում տեղի ունեցածից հետո Telegram-ն արգելափակել է ահաբեկիչների հավաքագրման հազարավոր ալիքներ

Crocus City Hall-ում տեղի ունեցածից հետո Telegram-ն արգելափակել է ահաբեկիչների հավաքագրման հազարավոր ալիքներ

Մարտի 22-ի մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Telegram-ն արգելափակել է օգտատերերի հազարավոր հաշիվներ, որոնք ներգրավված են եղել ահաբեկչությունների կազմակերպմանը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյունքում նման հաղորդագրություններ (ահաբեկչական հարձակումների կոչերով-խմբ.) ուղարկելու տասնյակ հազարավոր փորձեր կասեցվել են, և այս ֆլեշմոբին մասնակցող հազարավոր օգտատերեր բախվել են Telegram-ի իրենց հաշիվների մշտական արգելափակմանը»։

Ըստ Դուրովի՝ չորս օր առաջ Telegram-ի ռուսալեզու օգտատերերը սկսել են բողոքել անծանոթ մարդկանցից ստացվող հաղորդագրություններից, որոնք կոչ են արել ահաբեկչություններ իրականացնել։ Այսպիսով, նման բողոքներ ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում մեսենջերի թիմը կիրառել է մի շարք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ կանխելու այս գործունեությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 143 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։

  • Կիսվել: