հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Բարաքա» ԱԷԿ-ի վրա հարձակված անօդաչու սարքերն արձակվել են Իրաքից. պաշտոնական ԱՄԷ

«Բարաքա» ԱԷԿ-ի վրա հարձակված անօդաչու սարքերն արձակվել են Իրաքից. պաշտոնական ԱՄԷ

Այսօր Միացյալ Արաբական Էմիրությունների Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Բարաքա» ատոմային էլեկտրակայանի վրա հարձակված բոլոր անօդաչու սարքերը եկել են Իրաքի տարածքից։ Այս մասին տեղեկացնում է AP-ը՝ նշելով, որ սա, ըստ ամենայնի, մատնանշում է իրանամետ շիա զինված խմբավորումների ներգրավվածությունը:

Ինչպես հաղորդվում է՝ ճառագայթման արտահոսք չի գրանցվել։ Հարվածը հասցվել է օբյեկտի արտաքին պարագծում տեղակայված գեներատորին։

ԱՄԷ-ն, որի տարածքում տեղակայված են Իսրայելի ՀՕՊ համակարգեր և անձնակազմ, նախկինում արդեն մեղադրել էր Իրանին գրոհային անօդաչուներով հարվածներ հասցնելու մեջ նույնիսկ հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո։ Տարածաշրջանում լարվածությունը հավելյալ սրվում է նաև Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակով՝ նավթի մատակարարման ռազմավարական կարևոր ուղիով, որը գտնվում է Իրանի վերահսկողության տակ և ամերիկյան ռազմածովային շրջափակման պայմաններում։

Դեռ ոչ մի խմբավորում պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն կասկածներն անմիջապես ուղղվել են Իրանի և նրա հետ կապված ուժերի վրա։

Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բասսեմ ալ-Ավադին, անմիջապես դատապարտել է հարձակումները՝ չմեկնաբանելով էմիրաթական պաշտպանության նախարարության հայտարարությունը։ «Իրաքը վճռականորեն դատապարտում է ԱՄԷ-ի դեմ ուղղված անօդաչու սարքերի վերջին հարձակումները»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին երկու օրում երկիրը ենթարկվել է ևս երեք անօդաչու սարքի հարձակման, սակայն դրանց թիրախների մասին մանրամասներ չեն բացահայտվել։

  • Կիսվել: