ԱԹՍ-ները վնասել են Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի հանգույցը
Շահագործումից հանվել է Ռուսաստանի Դաշնության ամենամեծ նավթի պոմպակայանը՝ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը, որի միջոցով Ղազախստանը նավթ է արտահանում Եվրոպա և ԱՄՆ։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի հարձակումն է. Կուբանի կովկասյան շրջանում գտնվող «Կրոպոտկինսկայա» նավթի պոմպակայանը խոցվել է յոթ անօդաչու թռչող սարքով: Այս մասին հայտնել է կոնսորցիումը, տեղեկացնում է Reuters-ը:
Իր հերթին Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքերի և հրթիռի օգտագործմամբ լայնածավալ հարձակման մասին։
Նշվում է, որ անցած գիշեր 90 ԱԹՍ է ոչնչացվել Ազովի ծովի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Սև ծովի, Կուրսկի, Ռոստովի, Բրյանսկի և Բելգորոդի շրջանների տարածքների վրա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև Ազովի ծովի վրայով «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռի ոչնչացման մասին։
Ըստ աղբյուրի՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա, որոնք ուժգնացել են 2025 թվականի սկզբին, շարքից հանել են ռուսական նավթավերամշակման հզորությունների մոտ 10 տոկոսը, մի քանի խոշոր ձեռնարկություն, այդ թվում՝ Ռյազանի, Վոլգոգրադի և Աստրախանի նավթավերամշակման գործարանները, դադարեցրել են վառելիքի արտադրությունը։