Արտակարգ դրություն Սախալինում՝ ծանծաղուտում խրված բեռնանավի պատճառով
Սախալինի մարզի Նևելսկի շրջանում հայտարարվել է տեղական բնույթի արտակարգ դրություն՝ կապված ծանծաղուտում հայտնված նավի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Коммерсант-ը։
Նշվում է, որ փետրվարի լույս 9-ի գիշերը Նևելսկ քաղաքի Կազաչկա գետի գետաբերանում ծանծաղուտի մեջ է խրվել An Yang 2 բեռնանավը։ Ըստ Սախալինի մարզի կառավարության՝ նավը կանգնած է եղել նավահանգստում՝ ածուխ բեռնելու համար, փոթորկի սկսվելուց հետո, աղետից խուսափելու համար, ծով է դուրս եկել: Սակայն խարիսխի կոտրվելու պատճառով նավը նետվել է ափ, որտեղ խրվել է ծանծաղուտի մեջ։
Նևելսկի ծովային նավահանգստի կապիտանի պաշտոնակատար Արկադի Մակարովը հայտնել է, որ այս պահին վառելիքի արտահոսք չի գրանցվել, անձնակազմի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։