շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Արևմտյան Եվրոպայի մեծ մասը սաստիկ տապի մեջ է

Արևմտյան Եվրոպայի մեծ մասը սաստիկ տապի մեջ է

Արևմտյան Եվրոպայի մեծ մասը ուրբաթ օրվանից սաստիկ տապի մեջ է, որը, ըստ օդերևութաբանների, առաջիկա օրերին է՛լ ավելի կսաստկանա և կարող է հանգեցնել ջերմաստիճանային նոր ռեկորդների: Այս մասին տեղեկացնում է France 24-ը։

Նշվում է, որ իրավիճակը բարդ է հատկապես Ֆրանսիայում։ Իշխանությունները ստիպված են եղել փոխել հարյուրավոր դպրոցների դասացուցակներ, իսկ օդերևութաբանները նախազգուշացրել են «ինտենսիվ և երկարատև» տապի ալիքի մասին։ Փարիզում հունիս ամսին ջերմաստիճանը դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ կարող է գերազանցել 40 աստիճանի սահմանագիծը։

Էքստրեմալ եղանակի վերաբերյալ նախազգուշացումներ են տրվել միանգամից մի քանի երկրներում: Մասնավորապես՝ Գերմանիայում հանգստյան օրերին սպասվում են ամպրոպներ, կարկուտ և ուժեղ տեղումներ։ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում բարձրացվել է եղանակային վտանգավորության մակարդակը. համանման միջոցներ են ձեռնարկել նաև Իտալիայի հյուսիսային և կենտրոնական որոշ քաղաքներում։

Գիտնականները նման եղանակային երևույթների հաճախացումը կապում են կլիմայի փոփոխության հետ։ Նրանց խոսքով՝ մարդու գործունեությամբ պայմանավորված գլոբալ տաքացումը պատճառ է դառնում, որ շոգի ալիքները, երաշտներն ու ջրհեղեղները դառնան ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ:

  • Կիսվել: