Ալիեւի պարգեւատրած ադրբեջանուհին իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ կոնգերսականին կաշառք տալու մեջ
ԱՄՆ-ում քննիչները երրորդ մեղադրանքն են առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, տեխասցի դեմոկրատ Հենրի Կուելյարի գործով, պնդելով, որ նա 600 հազար դոլարի կաշառք է ստացել Ադրբեջանի կողմից վերահսկվող էներգետիկ ընկերությունից եւ բանկից (Մեքսիկայում), տեղեկացնում է AP-ը։
67-ամյա Իռադա Ախունդովան մայիսի 1-ին Հյուսթոնի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ գործել է որպես Ադրբեջանի գործակալ։ Ախունդովան խոստովանել է, որ նպաստել է կոնգրեսականի կնոջը՝ Իմելդա Կուելյարին 60 հազար դոլար վճարելուն, որին նույնպես մեղադրանքներ են ներկայացվել։ Ենթադրվող կաշառքները Ադրբեջանի շահերն առաջ մղելու նպատակով կազմել են ավելի քան 300 հազար դոլար։ Ախունդովային սպառնում է հինգ տարվա ազատազրկում։
Նշենք, որ մոտ 20 տարի Ախունդովան աշխատել է Հյուսթոն-Բաքու քույր քաղաքների ասոցիացիայի, որը հասարակական կազմակերպություն է, նախագահ։ Հայցում նշված է, որ նա զբաղեցրել է Բաքվի ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրենի պաշտոնը 2014-2017թթ.։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանի պաշտոնական անձինք ցանկանում էին ունենալ երկրի աջակցությունը Հայաստանի հետ դիմակայության համատեքստում։
Կուելյարը համաձայնել է ազդել ադրբեջանամետ օրենսդրական նախաձեռնությունների վրա եւ հանդես գալ ադրբեջանամետ ելույթներով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Կուելյարը մի ժամանակ եղել է Կոնգրեսի ադրբեջանական կոմիտեի համանախագահը։ Ախունդովան երրորդ մարդն է, որն իրեն մեղավոր է ճանաչել տեխասցի կոնգրեսականի հանդեպ դաշնային հետաքննությունում։ 2021թ. ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ ադրբեջանական սփյուռքի զարգացման գործում ունեցած վաստակի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան պարգեւատրել է «Առաջընթաց» մեդալով։