Ադրբեջանը հերքել է մոբիլիզացիայի մասին սոցցանցերում տարածված լուրերը
Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը haqqin.az-ի հետ զրույցում հերքել է երկրում ենթադրյալ մոբիլիզացիայի մասին սոցցանցերում տարածված լուրերը։
Պետական ծառայությունից, մասնավորապես, հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը սխալ է մեկնաբանել ՊՆ-ի հայտարարած հավաքների մասին հաղորդագրությունը, որը հրապարակվել է գործակալության կայքում ապրիլի 18-ին:
Նշվում է նաև, որ ապրիլի 18-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքում հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ պաշտպանության նախարարի կողմից հաստատված՝ 2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ N զորամասում անցկացվում է մի խումբ զինծառայողների ուսումնական ճամբար։
՛՛Հավաքամասի շտաբում համապատասխան հաշվառում և բուժզննում անցնելուց հետո պահեստազորից զորակոչված զինծառայողներին տրամադրվել է զինվորական համազգեստ։
Ռազմական ուսումնական ճամբարների հիմնական նպատակը նրանց մարտական, ռազմական հմտությունների և փորձի կատարելագործումն է։ Նրանք կծանոթանան և կպատրաստվեն ադրբեջանական բանակում ծառայող ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի հետ աշխատելու հարցում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։