կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Աբբասը շնորհակալություն է հայտնել Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարած երկրներին

Աբբասը շնորհակալություն է հայտնել Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարած երկրներին

Պաղեստինի Պետության ճանաչումը պատմական քայլ է տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության հասնելու ճանապարհին: Այս մասին հայտարարել է Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք աջակցել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու հնարավորության քննարկմանը:

«Նախագահը բարձր է գնահատել բարեկամ երկրների համարձակ դիրքորոշումները, որոնք հաստատել են իրենց հավատարմությունը երկու պետությունների բանաձևով լուծմանը և միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղությանը», - Աբբասի գրասենյակի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։  

«Աբբասն ընդգծել է, որ այդ երկրների կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը կամ այն ճանաչելու պատրաստակամության մասին նրանց հայտարարությունը պատմական քայլ է արդար ու համապարփակ խաղաղության հասնելու ճանապարհին և ամրապնդում է իսրայելական օկուպացիային վերջ դնելու ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերը», - ընդգծվում է տեքստում:

Պաղեստինի նախագահը շնորհակալություն է հայտնել այդ դիրքորոշման համար և կոչ է արել «մյուս երկրներին միանալ դրան ու իրենց ավանդը ներդնել քաղաքական գործընթացի առաջխաղացման գործում», որը հիմնված է «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա: 

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Իսրայելին տվել է վերջնաժամկետ մինչև սեպտեմբեր Գազայում հրադադար հաստատելու համար, այլապես Միացյալ Թագավորությունը կճանաչի Պաղեստինի Պետությունը։ 

Մալթան ևս հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կճանաչի Պաղեստինի Պետությունը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ երկիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։ 

 

  • Կիսվել: