18 զոհ, տասնյակ վիրավորներ. ապստամբների հարձակում Կոլումբիայում
Կոլումբիայում ապստամբների հարձակումների հետևանքով զոհվել են առնվազն 18, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ: Այս մասին հայտնել են երկրի իշխանությունները, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Կալի քաղաքում պայթուցիկներով լի բեռնատար է պայթել Մարկո Ֆիդել Սուարեսի անվան ավիաբազայի մոտ: Այնտեղ գտնվում է նույնանուն ռազմական ավիացիոն դպրոցը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ վեց մարդ է զոհվել, իսկ 71-ը՝ վիրավորվել։ Բազմաթիվ տներ վնասվել են։
Անտիոքիա դեպարտամենտի Ամալֆիի հյուսիսային մունիցիպալիտետում էլ անօդաչու թռչող սարքը հարվածել է ոստիկանական ուղղաթիռին. 12 հոգանոց անձնակազմը զոհվել է։
Կալիի քաղաքապետ Ալեխանդրո Էդերը քաղաքում ռազմական դրություն է հայտարարել և ժամանակավորապես արգելել մեծ բեռնատարների մուտքը քաղաք։ Նա կոչ է արել բնակիչներին միջադեպի մասին հաղորդել ցանկացած տեղեկություն՝ առաջարկելով 10.000 դոլար պարգև։
Իր հերթին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն էլ հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին:
Հաղորդվում է նաև, որ հարձակումների համար մեղադրում են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին (FARC): Այն շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Խումբը և Կոլումբիայի կառավարությունը 2016 թվականին ստորագրել էին հրադադարի համաձայնագիր, սակայն FARC-ի որոշ թևեր մերժել էին խաղաղության համաձայնագիրը։


