չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
Վեց ամսով կարգելվի Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների ու ձիերի մորթիների արտահանումը

Վեց ամսով կարգելվի Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների ու ձիերի մորթիների արտահանումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում, որով 6 ամսով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների արտահանման համար: Այն պայմանավորված է ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:

Ներկայում Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կաշվի արգելքի ՀՀ կառավարության որոշման ընդունումից՝ սույն թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ընկերությունների կողմից ընդունվել է 623,819 կգ չմշակված տավարի և 4768 հատ չմշակված ոչխարի կաշի։ Որոշման արդյունքում տեղական կաշվի մշակումն ավելացել է և արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։ Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քան 4 անգամ և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքն՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։ Արտադրական գործընթացում աճել է նաև ընկերության աշխատակիցների թվաքանակը։ Աճել է ընկերությունների վերջնական արտադրանքը, որի արդյունքում է մեծացել է տեղական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։

Տեղական արտադրական արժեշղթայում կոշիկ արտադրողների կողմից աճել են տեղական վերամշակված կաշվի օգտագործումը։ Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։

Որոշման ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում`սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

  • Կիսվել: