երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վարկավորումն աճել է 15 տոկոսով, ավանդները՝ մոտավորապես 43 տոկոսով. ԿԲ նախագահ

Վարկավորումն աճել է 15 տոկոսով, ավանդները՝ մոտավորապես 43 տոկոսով. ԿԲ նախագահ

Տնտեսական աճի հետ կապված մեր կանխատեսումներն, ըստ էության, չի փոխվել նախորդ տարվա մեր վերջին կանխատեսումների համեմատ: Այս մասին այսօր տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք ևս կարծում ենք, որ տարվա ընթացքում արձանագրվելու է 4,6 տոկոս տնտեսական աճ, հիմնականում պայմանավորված ծառայությունների ոլորտում արձանագրվելիք աճի հետ»,-ասաց Մարտին Գալստյանը:

Լրագրողի հարցին, թե նախորդ տարին ամփոփելով կարող են ներկայացնել թե վարկավորման և ավանդների ինչպիսի տեմպեր ենք ունեցել և ավանդների մեջ օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինն ինչքան է եղել, ԿԲ նախագահը նախ անդրադառնալով վարկավորմանն ասաց, որ տարվա ընթացքում այն աճել է:

«Եթե փոխարժեքի էֆեկտը հանենք, ապա 15 տոկոսի չափով: Ավանդները աճել են մոտավորապես 43 տոկոսի չափով, որից ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 29,4 տոկոս, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝ 96,3 տոկոս: Եթե բացարձակ թվով ասեմ՝ մեր կողմից դիտարկվող ռեզիդենտների ավանդները՝ պաշարային ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,370 մլրդ դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1,287 մլրդ: Հիմնականում, աճի ավելի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները»,- ներկայացրեց Մարտին Գալստյանը:

  • Կիսվել: