հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնել պատշաճ. ամեն չիրականացված ծրագիր ազդում է տնտեսական ցուցանիշների վրա

Վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնել պատշաճ. ամեն չիրականացված ծրագիր ազդում է տնտեսական ցուցանիշների վրա

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրի այս տարվա տնտեսական ցուցանիշներին: «Վիճակագրության կոմիտեն, ինչպես արդեն ասացի երեկ Ազգային ժողովում, հրապարակել է ապրիլ ամսվա վիճակագրական տվյալները, և պիտի ասեմ, որ ընդհանուր առմամբ՝ այդ տվյալները գնահատում եմ լավատեսական: Ինչո՞ւ: Որովհետև այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Իսկ 4 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս: Հիշեցնեմ, որ մենք խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել:

Ուզում եմ արձանագրել մի քանի կարևոր ցուցանիշներ: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ մենք ունենք շինարարության ծավալների 15.6 տոկոս աճ, առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նկատմամբ՝ 9 տոկոս աճ: Առևտրի շրջանառության 8.6 տոկոս աճ ունենք նախորդ տարվա ապրիլի նկատմամբ, իսկ 4 ամիսներին՝ 7.8 տոկոսի աճ: Եվ այս առումով ուզում եմ կոնկրետացնել, որ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ՝ նախորդ տարվա համեմատ ունենք 574 մլրդ 697 մլն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն: Այսինքն՝ նախորդ տարվանը գումարած այսքան, ինչը կազմում է ավելի քան 1 մլրդ 200 մլն դոլար: Այսինքն՝ մեր առևտրային շրջանառությունն այդքանով աճել է: Իսկ ՀԴՄ-երով և հաշվարկային փաստաթղթերով այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 մլն հատով ավելի գործարք ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Եվ այս առումով, դա երևում է նաև վիճակագրության ցուցանիշներից: Ծառայությունների աճն ապրիլի նկատմամբ կազմել է 27.1 տոկոս, 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 23.5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության աճը, որը շատ կարևոր ցուցանիշ է, ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ կազմել է 5.8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ՝ 14.1 տոկոս: Շատ կարևոր եմ համարում արձանագրել արտահանման աճը. ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ 19.8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 25.2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Սա նույնպես չափազանց կարևոր ցուցանիշ է:

Ամփոփված է նաև առաջին եռամսյակի տնտեսական աճը: Առաջին եռամսյակի մեր տնտեսական աճը 8.6 տոկոս է, ինչը շատ լավ ցուցանիշ է: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ 2022 թվականի ապրիլի արդյունքներով մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձերի նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապրիլի արդյունքներով ունենք 664 736 աշխատատեղ, որը նախորդ բացարձակ ռեկորդի՝ 2021 թվականի դեկտեմբերի ցուցանիշի, նկատմամբ ավելի է 5265-ով, 2021 թվականի ապրիլի նկատմամբ ավելի է 28 322-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ ավելի է 123 310 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է եկել լրացուցիչ նոր 123 310 աշխատատեղ: Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, աշխատավարձերի աճն է: Նախորդ տարվա ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 000 դրամ, իսկ 2018-ի ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 60 000 դրամ»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրերս պետական բյուջեի, միջնաժամկետ ծախսերի ծրագրին նվիրված քննարկմանը, նշել է. «Առաջին անգամ քննարկեցինք որոշակի կոնկրետությամբ առաջին եռամսյակի ծախսային մասը և ցավով արձանագրեցինք, որ ծախսային մասն ամբողջությամբ չէ, որ կատարել ենք: Մոտավորապես՝ 28 մլրդ դրամով մեր նախատեսածից ավելի պակաս ծախս ենք կատարել: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև եթե այդ ամբողջ ծախսերը մենք առաջին եռամսյակում կատարեինք, հաստատ կունենայինք ոչ թե 8.6 տոկոս տնտեսական աճ, այլ կունենայինք շատ ավելին, գուցե թե 9.6 տոկոս, գուցե ավելին: Եվ սա ասում եմ հետևյալ տրամաբանությամբ՝ բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին խնդրում եմ, կոչ եմ անում և պահանջում եմ՝ ուշադիր հետևել բյուջեին որպես իրենց ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ: Վատնում ասելով՝ մենք հասկանում ենք, որ պետական գանձարանից փողը տարանք և աննպատակ օգտագործեցինք, բայց ծախսի համար, պետական, հանրային նպատակի համար նախատեսված գումարը չծախսելը նույնպես վատնելու ձև է»:

Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև միջոցի ծախսումը արդյունք ստանալու համար. «Փոխվարչապետին, որպես ծախսերի գծով պատասխանատուի, հանձնարարել եմ, որ առաջիկայում բոլոր թերակատարված կամ չկատարված տողերի հետ կապված հաշվետվություն պատրաստեն ըստ գերատեսչությունների: Այդ հաշվետվությունը ես կլսեմ, և համապատասխան հանձնարարականներ կտրվեն: Մեր ամեն չիրականացված ծրագիր ազդում է ահա այս տնտեսական ցուցանիշների վրա, որոնք լավ են, նույնիսկ կներեք, շատ լավ են, բայց կարող էին շատ ավելի լավը լինել: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վրա և ակնկալում եմ, որ ծախսային հոդվածները նորմալ կկատարվեն»: Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ եկամտային հոդվածների հետ կապված խնդիրներ չկան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: