երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վահե Հովհաննիսյանը շրջանառության հարկը չեղարկելու կամ դրա փոխարեն ավելի լավ համակարգ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում

Վահե Հովհաննիսյանը շրջանառության հարկը չեղարկելու կամ դրա փոխարեն ավելի լավ համակարգ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շրջանառության հարկը չեղարկելու կամ դրա փոխարեն ավելի լավ համակարգ ներդնելու անհրաժեշտություն է տեսնում, ինչը փոքր և միջին ձեռնարկություններին զարգանալու ավելի լավ հնարավորություններ կտա։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը անհրաժեշտ է համարում ապահովել հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազումը, և շրջանառության հարկի գրավչության նվազման միջոցով հարկային համակարգը խեղաթյուրող բոլոր գործոնների վերացումը։

«Մեր նպատակն է փոքրացնել այս հարկատեսակի կամ ռեժիմի գրավչությունը։ Այդ նպատակով տարբեր միջոցներ ենք ձեռնարկել։ Օրինակ` փաստաթղթավորման պահանջը պարտադիր ենք դարձրել։ Առաջիկայում հանդես կգանք նաև առաջարկով, որ կմեծացնենք փաստաթղթավորում իրականացնելու խթանները տնտեսվարողների համար` նպատակ ունենալով այս համակարգը դարձնել ավելի քիչ արտոնյալ»,– ընդգծեց նա։

Նախարարի խոսքով` նաև մտածելու են իրական գործիքներ, որոնք փոքր և միջին ձեռնարկությունների համար կստեղծեն պայմաններ զարգանալու ու նորարարությամբ զբաղվելու։

«ՓՄՁ–ները կարող են արագ զարգանալ, երբ նորարարությամբ են զբաղվում։ Այս համակարգը թույլ չի տալիս զարգանալ, քանի որ այն շեմը, որը կա, դա մեծ սթրես է ձեռնարկության  համար, և կուզենայինք, որ այդ տարբերությունը կամաց–կամաց փոքրանա, գրավչությունը` ևս։ Ինչ–որ ժամանակ, հիմա կոնկրետ որևէ պլան, իհարկե, չունենք, այս համակարգը պետք է չեղարկենք կամ, գուցե, դրա փոխարեն առաջարկեք ավելի լավ համակարգ»,– եզրափակեց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: