հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար․ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum 2024-ը

Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար․ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum 2024-ը

Այսօր՝ մայիսի 25-ին Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum 2024-ը, որը Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցների գործակցության ամրապնդման հիմնական բիզնես հարթակ է դարձել: Միջոցառումը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիա»-ն` «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում էին 400-ից ավելի գործարարներ Հայաստանից և Ռուսաստանից, որոնց թվում էին ինչպես խոշոր բիզնեսի, այնպես էլ փոքր և միջին բիզնեսների ներկայացուցիչներ: 

Ֆորումի շրջանակում անցկացվեցին պանելային քննարկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, շնորհանդեսներ և նախագծերի քննարկումներ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ֆորումի բացման իր ելույթում ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը շատ կարևոր է։

«Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։ Մեր՝ որպես հայաստանյան գործարար համայնքի, խնդիրն այդ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումն է։ Համախմբվենք  և «կամուրջ» դառնանք մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար։

Այսօր առավել քան երբևէ Հայաստանի համար կարևոր է չտրվել շահագրգիռ տարբեր երկրների քաղաքական կարգավորմանը։ Կարծում եմ, որ այս գործողություններն ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի տնտեսական անվտանգությանը։ Կոչ եմ անում բոլորին սթափ գնահատել նման քայլերի հետեւանքները։ Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ դառնա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների միջև գործընկերության և համագործակցության զարգացմանը։ Եվ սրանում, իմ կարծիքով, կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»,- ասել է նա։

Նա ընդգծել է սփյուռքի կարևոր դերը՝ որպես երկկողմ համագործակցության հիմք։ «Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլև Հայաստանի։ Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար»,- նշել է Կարապետյանը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն իր աջակցությունն է հայտնել Բաքվի բանտում գտնվող իր հայրենակիցներին, և շնորհավորելով Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթել նրան ու գերիներին ուժ ու արիություն՝ իրենց բաժին հասած փորձություններն արժանապատվորեն հաղթահարելու համար:

Armenian Business Forum 2024-ին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԵԱԶԲ կառավարման խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։

Նա իր խոսքը նվիրել է ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանի ստացած հնարավորություններին։ Ըստ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ում որոշումների կայացման մեխանիզմները ինքնիշխանության իրացման եզակի գործիք են ստեղծում։

«Որևէ այլ վայրում Հայաստանը չի կարող մասնակցել որոշումների կայացմանը, մինչդեռ Եվրասիական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա: Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ–ի 180– միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել», - ասել է նա։

Սարգսյանը հավելել է, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցությամբ կարող է ավելի մեծ չափով իրացնել իր ազգային ներուժը։ Հենց միության միջոցով են  Հայաստանի առջև արդյունավետ հնարավորություններ բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։

  • Կիսվել: