ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերությունները մաքսատուրքից կազատվեն միկրոավտոբուսների ներկրման դեպքում

Ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերությունները մաքսատուրքից կազատվեն միկրոավտոբուսների ներկրման դեպքում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին:

«Նախագծով առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին, օպերատորներին տալ հնարավորություն մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում:

Կառավարության քաղաքականությունն է, հաշվի առնելով, որ գործող մեթոդը իրեն չի արդարացնում. իսկ գործող մեթոդը հետևյալն է՝ մեկ ուղղությամբ՝ մեկ օպերատոր. մենք փորձում ենք կամ ամբողջ մարզը, կամ մարզը բաժանել 2 երկու մասի, ունենալ միասնական մեծ ցանց, որը կսպասարկի տվյալ տարածքի բոլոր բնակավայրերը»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությամբ հնարավորություն կտրվի այն ընկերություններին, որոնք կմասնակցեն այդ մրցույթներին, հետագայում դիմել Էկոնոմիկայի նախարարություն և որպես գերակա ուղղություն օգտվել այդ արտոնությունից՝ ազատվել մաքսատուրքից:

«Միկորավտոբուսների համար մենք պատրաստ ենք մաքսատուրքերից ազատել, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան: Ես կարծում եմ, որ իսկապես շատ կարևոր է, որովհետև սա էլ է այն որոշումներից, որն իրական կյանքից թելադրված է, որովհետև, ըստ էության, շատ գյուղերում, շատ համայնքներում անընդհատ այդ պրոբլեմը բարձրացնում են, որ տրանսպորտի խնդիր կա, և խոսքը, իհարկե, վճարովի տրանսպորտի մասին է, և հիմա հույս ունենք, որ այս որոշմամբ մենք կկարողանանք հետաքրքրությունը ոլորտում մեծացնել, որովհետև այդ մաքսատուրքերը փոքր չեն և ներդրումային ծրագրի շահութաբերության վրա իրենց լինելը կամ չլինելը էական ազդեցություն կարող է ունենալ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: