հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ուժերն այդքան էլ հետևողական չէին․«Չենք վճարելու» նախաձեռնության անդամ

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ուժերն այդքան էլ հետևողական չէին․«Չենք վճարելու» նախաձեռնության անդամ

Այո, մեր շարժումը իր հիմնական նպատակին չի հասել ու դա պետք է մենք անկեղծորեն արձանագրենք, որովհետև ի սկզբանե մենք նշել ենք, որ մեր հիմնական պահանջը նա է, որ պետք է տրանսպորտի մեկ ուղևորատոմսի համար գինը 100 դրամից ավել չլինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, «Մեդիա կենտրոնում» «Երևանում հակաժողովրդական կառավարման միտումների և հանրային անվստահության մասին» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ Յուրի Ավագյանը:

«Ամեն դեպքում նաև մենք ականատես եղանք, որ հանրային լայն ճնշումների ներքո, քաղաքային իշխանությունները ստիպված եղան որոշակի զիջումների գնալ: Ի սկզբանե այս 150 դրամանոց ուղևորատոմսը չկար, բայց մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ թանկացումը փոքր-ինչ մեղմվել է, բայց մենք որպես շարժում, որպես քաղաքացիական նախաձեռնություն պետք է հանրության, Երևանի բնակիչների հետ անկեղծ լինենք և ասենք, որ ոչ միայն մեզ, այլ նաև մնացած քաղաքական ուժերին չհաջողվեց անել այնպես, որ հանրային ճնշման ներքո այդ 100 դրամանոց սարքագինը չբարձրանա»,-ասաց նա:

Հարցին՝ հանրային ճնշումը չէր այնքան բա՞րձր, թե՞ քաղաքային իշխանություններն էին ավելի համառ, Ավագյանը պատասխանեց. «Քաղաքային իշխանությունները, իհարկե, համառ էին, իրենք նաև տիրապետելով ահռելի մեդիա ռեսուրսների, կարողացան միայն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ, օրինակ, չվճարելը առաջացնում էր ամոթի զգացում։  Իրենք ամոթի գործոնը շատ ակտիվ շահարկեցին, իրենք նաև շատ ակտիվ քարոզչություն իրականացրին ՄԱՆ-երի հետ կապված, մինչդեռ ավելի շատ հենց «Ժոնգ տոնգ» ավտոբուսներ էին: Այստեղ պետք է նաև ընդունել, որ այն ուժերը, որոնք պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ, այդքան էլ հետևողական ու վճռական չէին իմ կարծիքով»,-ընդգծեց նա:

Յուրի Ավագյանի համոզմամբ տեղի ունեցածը տրանսպորտի ոլորտում բարեփոխում կոչելը ճիշտ չէ. «Սա կիսատ-պռատ ինչ-որ փոփոխություն է, որովհետև բարեփոխումը իրենից ենթադրում է ընդհանուր համալիր գործողությունների շարք: Բարեփոխման արդյունքում պետք է մենք տեսնենք ամբողջական փոփոխություն, բայց դա չտեսանք: Տրանսպորտի կամ որևիցե գույքի գնումը բարեփոխում անվանելը, դա ուղղակի ճիշտ չէ: Իրենք «Գազելի» փոխարեն բերել են «Ժոնգ տոնգ», բայց միևնույնն է, տրանսպորտի հիմնական նպատակը նա է, որ մարդը ա կետից տեղափոխվի բ կետ, և բացի հարմարավետությունը, կա նաև տեղափոխման արագությունը, կա սպասելու խնդիրը, որ քաղաքացիները միևնույն է սպասում են: Մի քաղաքացի շատ հետաքրքիր բնորոշում տվեց, ասաց՝ ես այն ժամանակ մի քիչ կռացած էի ուրիշին գրկած գնում, հիմա կանգնած եմ ուրիշին գրկած գնում: Նա շատ ճիշտ ձևակերպել է ու մենք դրա համար էինք նաև ասում՝ ամբողջական բարեփոխումը բերեք մեզ ցույց տվեք, դրանից հետո մենք կխոսենք գնի մասին»:

  • Կիսվել: