ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՏԻՄ-երի աշխատանքը՝ հաստիքների կրճատումով կատաստրոֆիկ չի վատացել, նույնիսկ խոսում ենք միավորված համայնքների միավորվելու  մասին. Վաչե Տերտերյան

ՏԻՄ-երի աշխատանքը՝ հաստիքների կրճատումով կատաստրոֆիկ չի վատացել, նույնիսկ խոսում ենք միավորված համայնքների միավորվելու մասին. Վաչե Տերտերյան

Այս վարչատարածքային բարեփոխումների գաղափարաբանության մեջ բացարձակ տնտեսման էլեմենտ չկա, կա ուրիշ էլեմենտ՝ ստեղծել համակարգ, որը թույլ կտա առկա ռեսուրսները սեփական պատասխանատվության և որոշումներով վերաբաշխել: Այս մասին այսօր Ազգային ժողովում խորհրդարանական  լսումների ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին:

«Ամբողջ միավորման ընթացքում համայնքների աշխատակազմերի վարչական 7046  հաստիքի  փոխարեն, չհաշված նոր առաջարկած խոշորացումը,  ունեցել ենք  5514 հաստիք:  Այսինքն՝ 1531-ով վարչական հաստիքները ապարատներում կրճատվել են: Համայնքային ծառայություններ իրականացնող ոչ առևտրային կազմակերպություններում՝ մանկապարտեզներում, կոմունալ ծառայություններում 13342 հաստիքի փոխարեն ունենք 12623 հաստիք:  ՏԻՄ համակարգը՝  վարչական հաստիքների կրճատումով կատաստրոֆիկ չի վատացել»,- ասաց նա:

Վաչե Տերտերյանը նշեց, որ դրա փոխարեն 2266  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հաստիք են կարողացել ավելացնել, ինչը խոսում է այն մասին, ավելի շատ մանկապարտեզներ, դայակներ, տեխնիկներ ունեն:

«ՀՀ-ում չունենք համայնք, որը միավորված չէ, նույնիսկ այսօր այն էտապում ենք, որ խոսում ենք միավորված համայնքների միավորվելու մասին»,- ասաց նա:

  • Կիսվել: