Տեղի է ունեցել ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Նախարարն ամփոփել է 2022 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության ոլորտներում կատարված աշխատանքները։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ վերջիններիս կողմից ստացած առաջարկներն ու դիտարկումները հնարավորություն են տալիս նախատեսված բարեփոխումները դարձնել առավել արդյունավետ։
Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հաջորդ կարևոր երկու փաստաթղթերը վերաբերում են ժողովրդագրության ու աշխատանքի, զբաղվածության ոլորտներին։ Այս ուղղություններով նախարարությունը կշարունակի իրականացրել հստակ ծրագրեր՝ ուղղված ծնելիության աճի բարձրացմանը, երեխա ունեցող ընտանիքներին՝ լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրմանը, աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարմանը և այլն։
Անդրադառնալով կատարված բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը արդյունավետ է համարել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ 50,000 դրամ աջակցության, ինչպես նաև զբաղվածության ընթացիկ ծրագրերի իրականացումը։
Խորհրդի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են նաև Միասնական սոցիալական ծառայության գործունեության, տարեցներին, երեխաներին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ԱՍՀՆ կողմից տիրապետվող տվյալների հասանելիության և այլնի վերաբերյալ մի շարք հարցեր։
Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով և դիտարկումներով։