ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՃՇՀԱՀ ներկայացուցիչներն օդում ջրային գոլորշիների հեռացման էներգախնայող նոր սարք են նախագծել

ՃՇՀԱՀ ներկայացուցիչներն օդում ջրային գոլորշիների հեռացման էներգախնայող նոր սարք են նախագծել

 Եվրասիական արտոնագրային գերատեսչության կողմից հայտարարված երիտասարդական Եվրասիական արտոնագրային ունիվերսիադայի «Հայացք դեպի ապագա» մրցույթում 18-ից 25 տարիքային կատեգորիայի «Խելացի իրեր խելացի տներում. ժամանակակից տեխնոլոգիաները կենցաղում» անվանակարգում երկրորդ տեղն են զբաղեցրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ներկայացուցիչները:

ՃՇՀԱՀ-ի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Լուսինե Երիցյանը, ջերմագազամատակարարման ամբիոնի դոցենտներ Նաիրա Էգնատոսյանը և Սիրանուշ Էգնատոսյանը երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել են «նոր կառուցվածքի օդի չորացուցիչ» տեխնոլոգիայի  մշակման համար:

Նաիրա Էգնատոսյանը նշեց, որ մշակել են սարք, որը նախատեսված է օդում ջրային գոլորշիների հեռացման, չորացման համար: Սարքի միջոցով, խուսափելով խոնավ պայմաններից, բնակարանում հնարավոր կլինի կոմֆորտ միկրոկլիմա ստեղծել: 

«Օդի չորացումը կատարվում է առանց լրացուցիչ էներգածախսի: Արդեն գոյություն ունեցող չորացման սարքավորումները մեծ էներգիա են ծախսում, որն օգտագործելով՝ սառեցնում ենք բնակարանում եղած օդը. հետագայում պետք է լրացուցիչ էներգիա ծախսենք օդը կրկին տաքացնելու համար: Նոր սարքավորումը հնարավորություն է տալիս խուսափել այս խնդրից: Սարքը մի մակերևույթի միջոցով օդը կարողանում է խտացնել, որի արդյունքում օդից հեռանում են ջրային գոլորշիները, իսկ սառած օդը, մյուս մակերեսով անցելով, տաքանում է և սենյակ մտնում»,- նշեց Էգնատոսյանը:  

Ունիվերսիադան անցկացվել է ստեղծագործական աշխատանքների (գիտատեխնիկական ստեղծագործական նախագծերի) և ստեղծագործական նախագծերի (արդյունաբերական դիզայնի ոլորտում օրիգինալ լուծումներ բացահայտող նախագծեր) ուղղվածությամբ երկու տարիքային կատեգորիաներով՝ 10-ից 17 տարեկան և 18-ից 25 տարեկան:

ՃՇՀԱՀ-ի  քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարութունյանը նշեց, որ համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում նմանօրինակ մրցույթներին:  

«Ամեն տարի կրթական ծրագրերը պարտադիր փոփոխության են ենթարկվում, համապատասխանեցվում են միջազգային չափորոշիչներին: Այդ նպատակին հասնելու համար ունենք համապատասխան կադրեր, համապատասխան դասախոսական կազմ: Ուսանող-ուսուցում արտադրության միջև կապ ենք ստեղծել, որը իր դրական արդյունքն է թողնում մեզ վրա»,- եզրափակեց նա: 

«Հայացք դեպի ապագա» ունիվերսիադան, որին մասնակցել են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի անդամ բոլոր ութ երկրների (Թուրքմենստան, Բելառուս, Տաջիկստան, Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ղրղզստան, Հայաստան) ավելի քան 120 երիտասարդ գյուտարարներ, ներկայացվել է 53 նախագիծ։ Բոլոր նմուշները դիտարկվել են որպես իրական արտոնագրային հայտեր: Յուրաքանչյուր անվանակարգում ժյուրին որոշել է հաղթողներին, մրցանակակիրներին և դիպլոմակիրներին։

  • Կիսվել: